«Ոսկանապատ» վերլուծական կենտրոնը միանում է գեներալ-մայոր ԳՐԻԳՈՐԻ ԽԱՉԱՏՈՒՐՈՎԻ հանդեպ ապօրինի հետապնդումը դադարեցնելու պահանջով սույն հայտարարությանը։
Հայտարարությանն արդեն միացել են տասնյակ կազմակերպություններ։ Բոլոր գործընկերներիս կոչ եմ անում միանալ գեներալ Խաչատուրովի իրավունքների պաշտպանության համար մղվող այս պայքարին։ Հավատացնում եմ՝ սա իրապես կարևոր գործ է։ Խորքի մեջ՝ այս պայքարը միայն Խաչատուրովին չի վերաբերվում։ Սա պայքար է մեր պետության ապագայի համար։
Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ օրվա իշխանությունների ձեռքի գործիք հանդիսացող իրավապահ համակարգի կողմից հարուցվեց շինծու քրեական գործ և մարտի 16-ին Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր, Բարձրագույն դատական խորհրդի անդամ Մեսրոպ Մակյանի որոշմամբ Գրիգորի Խաչատուրովը կալանավորվեց:
Մ. Մակյանը բեկանեց դատավոր Տիգրան Դավթյանի՝ փետրվարի 21-ի որոշումը, որով մերժվել էր նախաքննական մարմնի՝ Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու միջնորդությունը:
Գ. Խաչատուրովի նկատմամբ հարուցված շինծու քրեական գործը իրականում կարված է սպիտակ թելերով և կարող է փլուզվել անաչառ քննության պայմաններում։
Հայաստանի օրվա իշխանությունները հրապարակային խոստովանում են, որ Ադրբեջանի կողմից լայնածավալ ռազմական գործողություններ սկսելու հավանականությունը շատ բարձր է, միաժամանակ հայտարարելով, որ իրենք չեն կարող երաշխավորել Հայաստանի անվտանգությունը, և նման պայմաններում նրանք շարունակում են ուղղակիորեն թիրախավորել զինվորականներին։
Թիրախավորված զինվորականներից մեկն էլ 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովն է, որին իշխանությունները չեն կարող ներել ադրբեջանցիներին բազմաթիվ դրվագներում պարտության մատնելը, անբասիր ծառայությունը և անմնացորդ հայրենիքին նվիրվելու ձգտումը:
Գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովը օրվա իշխանությունների թիրախում հայտնվել է նաև իր հստակ ու անփոփոխ դիրքորոշման պատճառով՝ երբ մի խումբ բարձրաստիճան զինվորականների հետ միասին պահանջեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
Տավուշի մարզում Գրիգորի Խաչատուրովի բարձր հեղինակությունը գործնականում կարող է խոչընդոտ հանդիսանալ մարզի որոշ բնակավայրերի՝ այսպես կոչված անկլավների Ադրբեջանին վերադարձնելու Հայաստանի ղեկավարության պատրաստակամությունը կյանքի կոչելու գործում։
Ադրբեջանի դեմ ազատագրական պայքարի ցանկացած մասնակից, որը Ադրբեջանի օրենքներով ահաբեկիչ է համարվում և ուրեմն պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության, այսօր հետապնդվում է նաև ՀՀ օրվա իշխանությունների կողմից։ Ուստի Գրիգորի Խաչատուրովի ձերբակալությունը զգոնության ազդակ է Ազատամարտի, 44-օրյա պատերազմի բոլոր մասնակիցների, ՀՀ ԶՈՒ ցանկացած զինծառայողի համար։
Գրիգորի Խաչատուրով քաղաքացու, զինվորականի, հայրենասերի իրավունքների պաշտպանությունը Հայաստանի յուրաքանչյուր պատասխանատու և արդարամիտ քաղաքացու պարտքն է։
Գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի իրավունքների պաշտպանության նախաձեռնությունը կոչով դիմում է Հայաստանի քաղաքացիներին, մտավորականությանը, զինվորականներին, հասարակական և քաղաքական գործիչներին, արտերկրում բնակվող մեր հայրենակիցներին՝ պահանջել իշխանություններից դադարեցնել Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ քրեական հետապնդումը։
Սույն հայտարարությունը բաց է միանալու համար։